National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.10.2009
Խորհրդարանական ճեպազրույցները

Հոկտեմբերի 9-ին  տեղի ունեցան խորհրդարանական խմբակցությունների  ճեպազրույցները: Հարցերը վերաբերում էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասաց, թե հույս ուներ, որ ՀՀ նախագահի սփյուռքյան հանդիպումները ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը մտորումների տեղիք կտային  եւ հնարավորություն` խուսափելու արձանագրությունների ստորագրումից, սակայն, պարոն Սաֆարյանի կարծիքով, ՀՀ նախագահի ելույթներից, Ազգային անվտանգության խորհրդի նիստից պարզ դարձավ, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են արձանագրությունները ստորագրելու հարցում: Նա փաստեց, որ «Ժառանգություն» կուսակցության նպատակը նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ մտցնելն է կամ ստորագրումը կանխելը: Իսկ թե ինչպիսի՞ որոշումներ կընդունի կուսակցությունը, եթե ստորագրվեն արձանագրությունները, պարոն Սաֆարյանը դժվարացավ ասել, քանի որ դա միջկուսակցական քննարկումների խնդիր է: 

«Մենք պաշտպանում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում մինչ այսօր եղած մոտեցումները եւ որեւէ բանի համար վճարելու խնդիր չկա: Իհարկե, երկրի Նախագահը, ինչպես նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք սատարում եւ աջակցում են հարաբերությունների կարգավորմանը, պատրաստ են ցանկացած մարտահրավեր ընդունելու»,- այսպես արձագանքեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հովհաննես Մարգարյանը վստահորեն ասաց` գինը լինելու է այն, որ Հայաստանը շրջափակումից դուրս է գալու:  Հեղինե Բիշարյանը գտնում է, որ ընթացող գործընթացը բխում է յուրաքանչյուր քաղաքացու շահերից, որի նպատակը երկրում տնտեսական եւ սոցիալական փոփոխություններն են: Հովհաննես Մարգարյանն էլ արձանագրեց, որ ՀՀ նախագահը տեր կանգնեց իր որդեգրած սկզբունքներին. նախաստորագրված արձանագրություններում չկան նախապայմաններ, հայ-թուրքական հարաբերությունները չեն կապվում ԼՂ հիմնախնդրի հետ: ՀՀ նախագահը, ըստ պարոն Մարգարյանի, ապացուցեց, որ խնդիրների դեմ պետք է ոչ թե պայքարել, այլ խնդիրները պետք է քննարկել եւ արժանապատիվ լուծումներ գտնել` ի շահ հայ ժողովրդի, ի շահ երկրի:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հայտարությունները, թե նախաստորագրված արձանագրությունների մասով իրենց կողմից որեւէ խնդիր չկա, եթե Հայաստանն այս փաստաթղթերում ոչ մի փոփոխություն չանի: ՀՅԴ-ի հետագա գործողությունները կախված կլինեն դեպքերի զարգացումներից.  «Եթե արձանագրությունները ստորագրվեն (ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, դրանից դեռ հնարավոր է խուսափել, քանի որ թուրքերը  բազմաթիվ առիթներ են տվել առնվազն հետաձգելու այդ գործընթացը), ապա դրանից հետո հարցը դեռ տարբեր ատյաններում պետք է քննարկվի, դեռեւս մենք  փաստաթղթերի դեմ պայքարի բավականին լայն ճակատ ունենք»: Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ արձանագրությունները պետք է փոփոխվեն, հակառակ դեպքում դրանք չպետք է ստորագրվեն ու վավերացվեն: Սա է ՀՅԴ-ի նպատակը, որին հասնելու համար Դաշնակցությունը կիրառելու է տարբեր միջոցներ եւ եթե միջոցներից անհրաժեշտը լինի իշխանափոխությունը, դրանից եւս հետ չի կանգնի: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս  մեկ անգամ հստակեցրեց ԲՀԿ-ի դիրքորոշումը Հայաստանի  եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ` ԲՀԿ-ն պաշտպանում է արձանագրությունները, որոնք բացառապես առանց նախապայմանների են: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ զարմանում է այն քաղաքական ուժերի միամտության վրա, որոնք կարծում են, թե այդ արձանագրությունները պետք է լինեին Թուրքիայի բացարձակ կապիտուլյացիան: Ըստ նրա` բնականաբար, արձանագրությունները փոխհամաձայնության արդյունքում պետք է լինեին, բայց կարեւոր է, որ ԼՂՀ եւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաշվին չեն եղել դրանք: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի ակնարկած  գինը հենց բողոքի այն ակցիաներն էին, որ սփյուռքահայերը կազմակերպում էին, որոնք,  տիկին Զոհրաբյանի գնահատմամբ, շատ դեպքերում ոչ այնքան կոռեկտ էին ձեւակերպումների մեջ. «Հենց թեկուզ այն,  որ ՀՀ նախագահը ստիպված էր լսել այդ կարգի կարծիքներ, ես կարծում եմ դա բավական է` հասկանալու համար, թե ինչ ճանապարհով է անցել երկրի նախագահը այդ քայլին գնալուց առաջ` հրաշալի հասկանալով, թե իր քայլը ինչպիսի զգացական խնդիրներ կարող է առաջացնել Սփյուռքի  մեր հայրենակիցներից որոշ մասի շրջանում»:

Վերոնշյալ հարցի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մեզ համար գինը ավելի շատ դրական է»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am